Արդեն քսաներկու տուր «Պարի Սեն Ժերմենը» չգիտի պարտություն ասած բանը, ուղիղ տասնմեկ տուր դաշտից բացառապես հաղթած է հեռանում «Յուվենտուսը», «Լիվերպուլը» խելահեղ խաղ է անցկացնում «Նյուքասլի» հետ՝ գրանցելով ոչ ֆուտբոլային հաշիվ, արձակուրդից վերադարձած Հենրիխ Մխիթարյանը շարունակում է առանցքային դեր խաղալ թիմի կազմում՝ դառնալով հաղթական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, հերթական անգամ «Արսենալը» դառնում է «Չելսիի» զոհը, իսկ առիթից օգտվողները դառնում են ծերուկ աղվես Ռանիերիի «աղվեսները»։ Այս ու հիշատակման արժանի այլ բաներով աչքի ընկան ֆուտբոլային եվրոպական գրանդ տերությունների առաջնությունները, որոնք «Նեսոյի քարաբաղնիսի» ծանոթ օրինակով շարունակում են տաք ու պաղ քրտինքի մեջ պահել մարզասերներին:
ԻՍՊԱՆԻԱ
Որքան էլ Սիմեոնեն «Աթլետիկոն» համարում է «զզվեցնող ճանճ», նկատի ունենալով թիմի համառությունը, այդուհանդերձ մադրիդցիները սեփական հարկի տակ չկարողացան կոտրել «Սևիլիայի» դիմադրությունն անգամ խաղացողների թվային գերազանցության պայմաններում ու, որպես արդյունք, գոլազուրկ ոչ-ոքի, ինչը նշանակեց նահանջ առաջին հորիզոնականից: Ճիշտ է, այն «Բարսելոնին» զիջելը առայժմ ի հաշիվ լրացուցիչ գործակիցների է, սակայն չմոռանանք, որ նախօրեին «Մալագային» 2։1 հաշվով հաղթած կապտանռնագույններն ակտիվում մեկ խաղ ունեն: «Աթլետիկոյի» ոչ-ոքին ձեռնտու էր նաև Մադրիդի «Ռեալին», որն արտագնա խաղում «Բետիսին» հաղթելու պարագայում առաջատար տանդեմից հետ կլիներ արդեն երկու միավորով: Սակայն տանտերերն էլ իրենց հաշվարկներն ունեին և առավելագույնը, որ թողեցին անել արքայականին, մեկ միավորով բավարարվելն էր՝ 1:1:
ԱՆԳԼԻԱ
«Վեստ Հեմը» շարունակում է հաստատել այն պարզ ճշմարտությունը, որ որքան հարուստ է դիմացի թիմը, այնքան ջերմեռանդ ես դառնում նրան պատժելու արդար գործում: Մի խոսքով, «Վեստ Հեմ» մի ասա, Ռոբին Հուդ ասա: Ճիշտ է, «Մանչեստր Սիթիին», այնուամենայնիվ, հաջողվեց խուսափել պարտությունից (2:2), բայց չեմպիոնության համար պայքարողի համար այս ոչ-ոքին պարտությանը հավասարազոր բան է, մանավանդ որ մրցակիցները քնած չեն: Մասնավորապես, իր «անքուն» լինելը կրկին հաստատեց «Լեստերը», որը սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց «Սթոք Սիթիին»՝ «Արսենալին» պարտադրելով իրեն հասնելու համար նույնպես շարժվել հաղթական գրաֆիկով: Սակայն վերջինս, որ հիմնավորապես տառապում է «Չելսի» կոչված գործոնից, չկարողացավ նաև այս անգամ հաղթահարել բարդույթն ու պարտվեց 0:1 հաշվով՝ աղյուսակի առաջին հորիզոնականից սահելով երրորդ, քանի որ լրացուցիչ գործակիցները հօգուտ մանչեստրյան ակումբի են: «Լեստերն» ունեցած 47 միավորով, փաստորեն, այս երկուսին էլ իրեն հասնելու մեկ հաղթական խաղի առավելություն է տալիս:
Անդրադառնանք պրեմիեր լիգայի ևս երկու հանդիպման: Սեփական հարկի տակ «Մանչեստր Յունայթեդը» պարտվեց «Սաուտհեմպտոնին» ու դեռ պիտի գոհ մնա, որ ընդամենը նվազագույն հաշվով է պարտվել, իսկ ինչ վերաբերում է «Լիվերպուլին», Կլոպի օրոք այն երբեք էլ տրտմելու հնարավորություն չի տա թիմի երկրպագուներին: «Նորվիչի» հետ հանդիպումը կատարյալ ժայթքում էր ֆուտբոլային կրքերի: Այն բառերով նկարագրելն անհնար է, պարզապես հիշատակենք խաղի հաշիվը՝ 5։4՝ հօգուտ «Լիվերպուլի»:
ԳԵՐՄԱՆԻԱ
Ձմեռային արձակուրդից վերադարձած բունդեսլիգայի առաջատարները հաղթանակով սկսեցին մրցաշրջանի երկրորդ կեսը: Շնորհիվ Ռոբերտ Լևանդովսկու դուբլի, «Բավարիան» արտագնայում հաղթեց «Համբուրգին» (2:1), իսկ մյոնխենգլադբախցիների հետ մրցավեճում դորտմունդցիները շատ ավելի համոզիչ էին՝ 3։1: Կրկին փայլեց մեր Մխիթարյանը՝ դառնալով թե՛ գոլի, թե՛ գոլային փոխանցման հեղինակ: Տնային խաղում «Աուգսբուրգի» հետ ոչ-ոքին՝ 0:0, «Հերտային» չխանգարեց մնալու երրորդ հորիզոնականում: «Բավարիան» ունի 49, Դորտմունդի «Բորուսիան»՝ 41, «Հերտան»՝ 33 միավոր:
ԻՏԱԼԻԱ
«Սամպդորիայի» հետ խաղում սկուդետեի առաջատար «Նապոլին» արտագնայում երկու գոլ բաց թողեց, սակայն կարողացավ կրկնակիով պատասխանել մրցակցին ու 47 միավորով պահպանել լիդերությունը: Հերթական անգամ իր անկախատեսելիությամբ աչքի ընկավ «Ինտերը»՝ «հաջողացնելով» «Կարպիի» հետ տնային մրցակցությունում խաղավարտին ձեռքից բաց թողնել հաղթանակը՝ 1:1, և սա չնայած այն բանին, որ հյուրերը տևական ժամանակ տասը հոգով էին խաղում: Սրանից լավագույնս օգտվեց «Թուրինին» ընդունած ու երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթած «Ֆիորենտինան»՝ ձեռքի հետ մտնելով առաջատար եռյակ: Չեմպիոնական մրցավազք վերադարձած «Յուվենտուսը» ևս երեք միավորի տեր դարձավ՝ նվազագույն առավելությամբ պարտության մատնելով գլխավորի պոստում Ռուդի Գարսիային Լուչանո Սպալետիով փոխարինած «Ռոմային»: Այն «Նապոլիից» հետ է մնում ընդամենը երկու միավորով: «Ֆիորենտինան» «Ինտերի» պես ունի 41 միավոր:
ՖՐԱՆՍԻԱ
Իրենց հանդիպումները հաղթանակով ավարտեցին դիվիզիոնի առաջին երկու հորիզոնականներում գտնվող «Պարի Սեն Ժերմենն» ու «Մոնակոն»: Առաջինը 5:1 հաշվով առավելության հասավ «Անժի» նկատմամբ, երկրորդը չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Թուլուզի» դարպասը: «Լորիանի» նկատմամբ հաղթանակը «Նիցցային» տեղ ապահովեց երրորդ հորիզոնականում: «Պարի Սեն Ժերմենն» ունի 60, «Մոնակոն»՝ 39, «Նիցցան»՝ 36 միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ